Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Յուրաքանչյուր հայ տղամարդ կիսով չափ նաև պետք է զինվոր լինի

Յուրաքանչյուր հայ տղամարդ կիսով չափ նաև պետք է զինվոր լինի
05.09.2012 | 14:57

Սեպտեմբերի 9-ին հանրապետության մի շարք մարզերում կսկսվեն ՏԻՄ ընտրությունները: Հետաքրքիր ընտրապայքար է սպասվում։ Նաև, բնական է, դրանով սկիզբ է դրվելու 2013-ի նախագահական ընտրություններին: Հետաքրքրական է, որ Կապանում քաղաքապետի չորս թեկնածուներից երեքը, այդ թվում` գործող քաղաքապետ Արթուր Աթայանը, ինքնաբացարկ հայտարարեցին: Ամենաթեժ խոսակցությունն ընթացավ գործող քաղաքապետի ինքնաբացարկի հետ կապված, նշվում էր անգամ, որ վերջինս ճնշումների պատճառով է դուրս եկել ընտրապայքարից: Որքա՞ն է այս վարկածն իրատեսական, դժվար է ասել, քանի որ քաղաքապետն իր ելույթներում հայտարարում էր, թե անցած ընտրությունների պես այս ընտրություններին ևս իր թեկնածությունը պաշտպանում է պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը, սակայն վերջինս ելույթ ունեցավ և նշեց, որ պաշտպանում է ՀՀԿ-ի թեկնածու, «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ թեկնածությունը: Այս պահին Կապանն ունի քաղաքապետի մեկ թեկնածու` ի դեմս Աշոտ Հայրապետյանի, և մենք զրույցը նրա հետ սկսեցինք կարևոր մի հարցից.

-Այսօր թիվ 1 խնդիրը մարզերում գործազրկությունն է և մարզերի ոչ համաչափ զարգացումը: Ի՞նչ սպասելիք պետք է ունենա կապանցին Ձեր ընտրվելուց հետո, և ինչո՞վ է Ձեր քաղաքականությունը տարբերվելու նախկին քաղաքապետերի գործելաոճից:
-Համայնքի բյուջեն այնքան սուղ է, որ դրանով նոր աշխատատեղերի խնդիր լուծել հնարավոր չէ: Այդ խնդիրը դրված չէ համայնքապետարանի վրա: Սակայն ֆինանսական այլ միջոցների հաշվին խթանելով փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, կարելի է մասամբ լուծել նաև այդ խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է գործելաոճին, բնական է, յուրաքանչյուրն իր գործելաոճն ունի: Իմ գործելաոճն այնքանով է տարբերվելու գործող քաղաքապետի գործելաոճից, որ լուծումներ է տալու առկա խնդիրներին:
-Ընտրապայքարի սկզբնական շրջանում, երբ Ձեզ հետ ևս երկու թեկնածուներ էին առաջադրված, Դուք Ձեր ելույթներում տգեղ արտահայտություներ չեք հնչեցրել վերջիններիս նկատմամբ: Ասում են` Ձեր կուսակիցները, հատկապես «հնաբնակ» հանրապետականները, դժգոհում են, որ Դուք զերծ եք մնացել և կոշտ որակումներ չեք հնչեցրել հակառակորդների հասցեին: Ընդհանրապես ընտրապայքարում դա ընդունված ձև է, ինչո՞ւ չեք օգտվել այդ ձևից:
-Ընտրապայքարի առաջին իսկ օրից որդեգրել եմ քաղաքակիրթ պայքար, ինչին հավատարիմ եմ մնացել մինչև հիմա: Ժողովուրդը դրա մասին ասել է` մրցակցին թերագնահատողը դատապարտված է պարտության, իսկ մրցակցին վիրավորելը թուլության նշան է:
-Ճարտարագիտականի մեքենաշինական ֆակուլտետի հետ զուգահեռ սովորել եք նաև բուհին կից ռազմական ամբիոնում և ստացել հրետանավորի մասնագիտության: Ինչո՞ւ:
-Կարծում եմ, Հայաստանը դեռևս ազգի համար կարևորագույն խնդիրներ ունի լուծելու, ինչի համար հնարավոր է զգացվի ռազմական գործի իմացությունը: Իզուր չի ասված, որ յուրաքանչյուր հայ տղամարդ կիսով չափ նաև պետք է զինվոր լինի: Այն տարիներին, երբ հրետանավորի մասնագիտություւն էի ստանում, արդեն սկսվել էր Արցախյան շարժումը, ավելին` իմ հայրենի Կապանում ռումբեր էին պայթում, և ես այդ ամենին անտարբեր լինել չէի կարող: Ստացածս հրետանավորի մասնագիտությունն ինձ շատ է օգնել ռազմի դաշտում:
-Մեր օրերում մարդկանց մեջ հայրենասիրական ոգին նվազել է: Որպես Ղարաբաղի ազատագրական պատերազմի մասնակից` համամի՞տ եք այս տեսակետին և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ երիտասարդություն է մեծանում այսօր:
-Համաձայն եմ Ձեզ հետ, որ մարդկանց մեջ այսօր հայրենասիրության ոգին նվազել է: Սակայն դրանում պետք չէ մեղադրել ուրիշներին, դրա մեղավորը մենք ենք, մեզ չի հաջողվում հայրենասիրությունը ճիշտ ներկայացնել: Փոխարենը հայրենասիրություն ենք որակում այլ արժեքներ, ինչը, ի դեպ, վտանգավոր տարրեր է պարունակում: Խուսափել ժամանակ առ ժամանակ նման վայրիվերումներից, իհարկե, չենք կարող: Բայց հայրենասիրությունը մեր ազգի արյան մեջ է, և ես դրանով հպարտ եմ: Իսկ այսօրվա երիտասարդությունը տարբեր է, և հաճախ այդ տարբերությունը ծայրահեղությունների է հասնում, մի մասը նույնիսկ տառապում է օտարամոլությամբ: Դրանում էլ կա մեր մեղքը. հաճախ չենք սովորեցնում, բայց պահանջում ենք:
-1997-1998 թվականներից Ձեր աշխատանքային գործունեությունը սկսել եք «Սյունիքի մարզային Էլեկտրացանցեր» ընկերությունում որպես բաժնի ավագ մասնագետ և արդեն 2002-ից ղեկավարում եք «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի փոստային մասնաճյուղը: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Թե՛ «Էլեկտրացանցում», թե՛ «Հայփոստում» աշխատելու տարիներին հնարավորություն եմ ունեցել շփվելու մարդկանց հետ, հատկապես սոցիալապես անապահով խավի` նպաստառուների, կենսաթոշակառուների հետ: Ասել է թե` մոտիկից եմ ծանոթացել այն խնդիրներին, որ ունեն նրանք: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ ուշանում էին վճարումները, շատերն ինձ էին դիմում: Լավ է, այդ օրերը հետևում են մնացել: Սակայն հիմա էլ չի կարելի ասել, թե կյանքը բարեկեցիկ է դարձել: Սոցիալական խնդիրներ դեռ կան, ու այդ խնդիրներին գումարվում են քաղաքի խնդիրները, որոնք օր օրի փոխանակ լուծվեն, ավելի են շատանում: Քաղաքապետի թեկնածու առաջադրվելուս նպատակը Կապանի խնդիրները լուծելն է, Կապանը բարեկեցիկ, գեղեցիկ ու բարեկարգ դարձնելը:
-Կապանցիները վկայում են, որ Դուք եք բանակցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ` Վաչագան թաղամասի բնակիչների ջրի նախկին պարտքերը մարելու համար և դրական արդյունքի եք հասել: Ինչո՞ւ Դուք զբաղվեցիք այդ հարցով և ոչ գործող քաղաքապետը, և ինչի՞ հաշվին մարվեցին պարտքերը:
-Այո, խնդիրը մասամբ լուծել ենք ոչ միայն Վաչագան, այլև քաղաքի անհատական տներ ունեցող վեց թաղամասերում: Ես տեղյակ եմ եղել այդ պարտքերին, քանի որ դրանք ներկայացվում և վճարումներ կատարվում են «Հայփոստ»-ում: ՈՒսումնասիրեցինք և պարզեցինք, որ պարտքերի մի մասն անհիմն է, ինքնաբերաբար առաջացած, դրանք, իհարկե, մարվեցին փոխադարձ համաձայնությամբ: Իսկ թե ինչո՞ւ այդ հարցով չի զբաղվել գործող քաղաքապետը, կարող եք իրեն հարցնել:
-Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի պտուղն է, սակայն Ձեր ընտանիքում քաղաքական գործիչներ չկան: Ինչո՞ւ Դուք որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:
-Համաձայնեք, որ յուրաքանչյուր մարդ իր ընտանիքում, յուրաքանչյուր ղեկավար իր աշխատավայրում, այսպես թե այնպես, քաղաքականություն է իրականացնում, ինչը հավաստում է, որ քաղաքականությունից հեռու չեմ: Իհարկե, դա այն քաղաքականությունը չէ, որ փորձում եմ մտնել: Աստծո կամոք էլ, իմ ընտանիքի առաջին, բայց համոզված եմ` ոչ վերջին, քաղաքական գործիչը կդառնամ ես:


Հարցազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ